Այսօր մեզ փորձում են համոզել, որ Հայաստանում ծնվել է «Չորրորդ Հանրապետություն» ու Նիկոլ Փաշինյանը դա փորձում է անել Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերին պախարակելով, վիրավորելով ու բանտարկելով։
Բայց հարցը պետք է տալ շատ պարզ․ ի՞նչ է այդ Չորրորդ Հանրապետությունը և ո՞ւմ շահերի համար է այն կառուցվում։
Սա այլևս ոչ թե հայկական պետականության նոր գաղափար է, այլ Հայաստանի պատմական, ազգային և պետական ինքնության իմաստազրկման փորձ։
Մի պետություն չի կարող գոյություն ունենալ միայն որպես 29 743 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ պետք է ապահովվեն խաղաղությունը, բարեկեցությունն ու «երջանկության միջավայրը»։ Պետությունը միայն տարածք չէ։ Պետությունը ժողովրդի պատմությունն է, ինքնությունը, մշակույթը, հիշողությունը, անվտանգությունը, արժանապատվությունն ու ապագայի նկատմամբ ունեցած ազգային կամքը։
Եվ հենց այստեղ է ամենամեծ վտանգը։
Այն գաղափարախոսությունը, որը մեզ փորձում են կերցնել «Չորրորդ Հանրապետության» անվան տակ, հրաժարվում է Հայաստանի՝ որպես հազարամյակների պատմություն ունեցող ազգային պետության ընկալումից և փորձում է մեզ վերածել պարզապես տարածաշրջանային մի տարածքի, որի հիմնական նպատակը հարևանների հետ «խաղաղ ապրելն» է՝ անկախ նրանից, թե այդ խաղաղության գինը ինչ է լինելու։
Ավելին՝ այս քաղաքականության արդյունքում Հայաստանի ազգային օրակարգը աստիճանաբար փոխարինվում է մի օրակարգով, որը վտանգավոր չափով համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ։ Այդ պատճառով էլ այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են «Չորրորդ Հանրապետությունը» ընկալում ոչ թե որպես Հայաստանի զարգացման նոր փուլ, այլ որպես թուրք-ադրբեջանական նախագիծ, իր քաղաքական դիրեկտոր Նիկոլ Փաշինյանով։
Եթե այս գործընթացը շարունակվի, վտանգված է ոչ միայն իշխանությունը փոխելու կամ չփոխելու հարցը։ Վտանգված է պետականության բովանդակությունը։
Որովհետև երբ պետությունը հրաժարվում է իր պատմական հիշողությունից, երբ ազգային շահը սկսում է ներկայացվել որպես վտանգավոր «անցյալ», երբ հայրենիքը սահմանափակվում է միայն քարտեզի վրա ճանաչված տարածքով, իսկ ազգային նպատակները փոխարինվում են միայն «խաղաղ ապրելու» գաղափարով, մենք կարող ենք մի օր արթնանալ և հասկանալ, որ պահպանել ենք տարածքը, բայց կորցրել ենք Հայաստանի իմաստը։
Եվ սա է այն սահմանը, որի առաջ այսօր կանգնած ենք։
Եթե ժողովուրդը լուռ ընդունի այս փոփոխությունը, խնդիրը կարող է այլևս չլինել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Խնդիրը կարող է դառնալ այն, որ մենք կորցնենք այն գաղափարական հիմքը, որի վրա կառուցվել է անկախ Հայաստանը։
Պայքարը հետևաբար միայն մեկ մարդու դեմ չէ։
Պայքարը Հայաստանի՝ որպես ազգային, ինքնիշխան և պատմական պետության գաղափարի պահպանման համար է։
Որովհետև պատմության վերջին էջը չի փակվում այն օրը, երբ ընկնում է որևէ իշխանություն։ Այն փակվում է այն օրը, երբ ժողովուրդը դադարում է պայքարել իր պետության համար։
Նարեկ Մութաֆյան